Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Եվ Աստված ասաց

Եվ Աստված ասաց
22.11.2016 | 07:44

«Սկզբից էր Խոսքը: Եվ Խոսքը Աստծո մոտ էր և Խոսքը Աստված էր: Կյանքը Նրանով էր, և այդ կյանքը մարդկանց համար լույս էր» (Հովհ.1.1,4)։
« .... որովհետև Աստված է, որ ասաց.- Խավարից թող լույս ծագի.- և Նա ծագեցրեց մեր սրտերում Աստծո փառքի գիտության լույսը, որը ճառագայթում է Հիսուս Քրիստոսի դեմքից» (Բ Կորնթ. 4.6):
Աստծո Խոսքն արարում է ու կենսագործում, ողորմում է ու շնորհազարդում, դատում է ու դատապարտում, բայց մենք կխոսենք մարդկայի՛ն խոսքի մասին: Իմաստուններն ասում են. «Թող քո բերանը չշտապի, և ոչ էլ սիրտդ հապճեպ խոսք ասի Աստծո առջև, որովհետև Աստված երկնքում է, իսկ դու` երկրի վրա. դրա համար էլ թող քո խոսքերը սակավ լինեն» (Ժող. 5.1): «Փառքն ու անարգանքը խոսքի մեջ է, և մարդու կործանումը` իր լեզվի վրա» (Սիրաք 5.15):
Այն ազդեցությունը, ինչ ունի Աստծո Խոսքը ողջ տիեզերքի վրա, նույնը ունի աստվածակերպ մարդու խոսքը իր իսկ միկրոտիեզերքի վրա. մարդու արտահայտած խոսքը կարող է ցույց տալ նրա հոգու վիճակը կամ արտահայտությունը լինել նրա թաքուն ու բացահայտ իղձերի: Երբ մարդը գոհանում է իր ունեցածով, դա նշան է նրա հոգևոր հասունության: «Մի՛ եղիր չափազանց արդար և ոչ էլ շատ ճարտար, որ չլինի թե սխալվես, շատ ամբարիշտ մի՛ եղիր ու մի՛ եղիր խստաբարո, որ չլինի թե տարաժամ մեռնես» (Ժող.7.17-18),- այստեղ խոսքը մարդու ինքնագնահատականի մասին է: Պետք է լինել խոնարհ ինքնագնահատականի մեջ և չափավոր` մեր «եսի» դրսևորումներում:


«Քո հոգու խորհուրդների մեջ մի՛ բարձրացրու քեզ, որպեսզի քո անձը չմորթոտվի զվարակի նման, այլապես քո տերևները կոչնչացնես, քո պտուղները կկորցնես և կմնաս իբրև չորացած ծառ» (Սիրաք 6.2-3): Եվ եթե մեկը չասի` ես ոչինչ եմ, չի վերափոխվի, քանզի վերափոխումը սկսվում է մկրտությամբ, որը նոր արարչություն է, իսկ Աստված սովոր է ոչնչի՛ց ստեղծել, բայց այս անգամ արդեն Աստծո Խոսքը համագործակցում է մարդկային խոսքի հետ: Եթե մարդը ինքը իրեն ոչինչ չի կարծում՝ Աստված օգնում է նրան հասկանալ սեփական ոչնչությունը. «Աստված աշխարհի ոչ-տոհմիկներին, արհամարհվածներին և ոչինչներին ընտրեց, որպեսզի իրենք իրենց մի բան կարծողներին ոչնչի վերածի, որպեսզի ոչ մի մարդկային էակ չպարծենա Աստծո առաջ» (Ա Կորնթ.1.28-29):
Եթե մարդը ինքն իրեն դատարկ անոթ չհամարի, Աստված նրան շնորհով և օրհնությամբ չի լցնի:


Հիսուս փաստում է, որ մարդու արտաբերած չար խոսքերն ու կատարած չար գործերը նախ մարդու սրտում են սկզբնավորվում: Հիսուս պատվիրում է նախ մաքրել սիրտն ու միտքը, որպեսզի դրանցից ածանցվող խոսքերն ու գործերը չլինեն վնասող ու գայթակղեցնող. «Ոչ մի տգեղ խոսք ձեր բերանից թող չելնի, այլ միայն բարի խոսքը, որ շինիչ է և օգտակար, որպեսզի շնորհով լցվի նա, ով այն լսում է: Եվ մի՛ տրտմեցրեք Աստծո Սուրբ Հոգին, որով կնքվեցիք փրկության օրվա համար: Ամեն դառնություն, բարկություն, զայրույթ, աղաղակ և հայհոյություն թող վերանան ձեզնից` իրենց չարությամբ հանդերձ: Միմյանց հետ եղե՛ք քաղցր, գթած` ներելով միմյանց, ինչպես որ Աստված ներեց մեզ Քրիստոսով» (Եփ.4.29-32):
Աստծո Խոսքն իր հետևորդներին ևս իշխանություն է տվել` խոսքով հաստատել կամ ժխտել, ընդունել կամ մերժել. «Եվ եթե մի քաղաք չընդունի ձեզ և չլսի ձեր խոսքերը, այդ քաղաքից դուրս գնալիս` ձեր ոտքերից փոշին թոթափեցե՛ք» (Մատթ.10.14): «Բայց ասում եմ ձեզ, թե մարդիկ իրենց խոսած ամեն դատարկ բանի համար դատաստանի օրը հաշիվ պիտի տան, որովհետև քո խոսքերով պիտի արդարանաս և քո խոսքերով պիտի դատապարտվես» (Մատթ. 12.36,37): Անկախ այն բանից, թե մարդը խոսքը արտաբերում է որևէ մտադրությամբ կամ առանց դրա, այդ խոսքը ունի իր համապատասխան ազդեցությունը: Դրանք անհետևանք չեն անցնում, և երբ Տերը զգուշացնում է խոսքի նպատակայնության անհրաժեշտության մասին, Նա ավելի շատ նկատի ունի հետևանքը, որն իր հերթին բխում է խոսքի կամ արարքի որոշակի դիտավորությունից: Աստված մարդկանց տալիս է փրկվելու ամեն մի հնարավորություն, բայց այդ հնարավորությունները անհնար է նկատել, երբ զգոնությունը քնած է: Այդպիսի մի հնարավորություն է զգուշացումը դատարկ խոսքից: Ինչպես գիտենք` խոսքը լինում է ներքին, բանավոր ու գրավոր. խոսքը ծնվում է մտքում, արտահայտվում է բանավոր և ամրակայվում է գրով: Դատարկ խոսքը, ըստ էության, հենց դատարկ էլ ծնվում է մտքում, որ դեռ լրիվ դատարկված չէ խավարի ծվեններից։


Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 2664

Մեկնաբանություններ